ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի նախկին օգնական, ԱՄՆ Ատլանտյան խորհրդի հետազոտող Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայնի» վրացական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է, որ «Ռուսաստանը կարող է փորձել մեկուսացնել Վրաստանն ու Ադրբեջանը՝ օգտագործելով էներգակիրների հարցը», նկատի ունենալով «տարածաշրջանային երկու մեծ տերությունների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի, հարաբերությունների վերաճումը նոր փուլի» և «Թուրքական հոսք» գազատարը, որը կարող է հանգեցնել «ներդրումների կրճատման Ադրբեջանի էներգաոլորտում»: Բրայզայի խոսքով՝ «դա ռուսական ռազմավարության մի մասն է, որ նպատակաուղղված է Վրաստանում ու Ադրբեջանում իր ազդեցության մեծացմանը»:
Բրայզան տարածաշրջանի գիտակներից է և նրա հայտարարությունը խճանկարում նոր տարրեր է ներմուծում ու բազում հարցեր հարուցում: Առավել ևս, որ երբ Ռուսաստանն ու Թուրքիան վերականգնեցին հարաբերությունները 2015-ի նոյեմբերին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ինքնաթիռը սիրիական տարածքում խփելուց հետո, նա հայտարարեց, որ «սպասում էր իրադարձությունների այդպիսի հաջորդականությունը»՝ նշելով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի փոխարինումը Բինալի Յիլդիրիմով, որ հայտարարեց՝ Անկարային «աշխարհում ավելի շատ բարեկամներ են պետք»: Բրայզան ի սկզբանե քաղաքականացնում էր «Թուրքական հոսքը»՝ նրա իրականացումը կապելով բացառապես «սիրիական հարցում Ռուսաստանի զիջումներով Թուրքիային»: Նա նաև ասում էր, որ «տնտեսությունը և անվտանգության քաղաքականությունը փոխկապակցված են, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առնչությամբ որոշ սխալ հաշվարկներ է արել»՝ նկատի ունենալով Սիրիայում ռուսական զինուժի հայտնությունը: Մեկնաբանելով Թուրքիային «Գազպրոմի» գազի մատակարարումների հնարավոր կրճատումների հարցը՝ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների լարման համապատկերում, Բրայզան նկատում էր, որ «Ռուսաստանը և «Գազպրոմը» ծայրահեղ բարդ ֆինանսական վիճակում են և Մոսկվան հազիվ թե դադարեցնի գազի մատակարարումը մի երկիր, որը Ռուսաստանի համար սպառման խոշորագույն շուկաներից մեկն է»:
Ռուսական գազի մատակարարումները Թուրքիա իրոք չընդհատվեցին, թեպետ ինքնաթիռի միջադեպից հետո «Թուրքական հոսքի» բանակցությունները գործնականում սառեցվեցին: Անկարան այն ժամանակ խաղարկեց Բաքվի խաղաքարտը՝ հայտարարելով, որ պատրաստ է ապրել ընդհանրապես առանց ռուսական գազի: Այդ ժամանակ ադրբեջանական Haqqin. Az պորտալը գրեց, որ «ռուսական «Գազպրոմի» հավակնոտ նախագծերը եվրոպական ուղղությամբ մրցակցում են այլընտրանքային գազային երթուղիներին, որոնց մեջ ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանը», որ «ռուսական գազատարների հաջողությունը նվազեցնում է Եվրոպայում ադրբեջանական գազի շանսերը և հակառակը», արձանագրում էր. «Սկսվեց Տրանսադրիատիկ գազատարի շինարարությունը (ТАР)՝ գազը Ադրբեջանից Եվրոպա հասցնելու համար: ТАР-ը՝ 5,6 միլիարդ եվրո գնով, մասն է «Հարավային գազային միջանցքի», Տրանսանատոլիական խողովակաշարի շարունակությունը, որ հնարավորություն է բացում կասպիական գազը Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա ու Ավստրիա հասցնել:
ТАР-ով առաջին մատակարարումները Վրաստան ու Թուրքիան նախատեսվում են 2018-ի տարեվերջին, Եվրոպա՝ 2020-ի սկզբին: Եվրահանձնաժողովն արդեն հավանություն է տվել ТАР-ի շինարարությանը՝ ի տարբերություն ռուսական մրցակիցների՝ համարելով եվրոպական օրենսդրությանը համապատասխանող: Փորձագետները դա համարում են հեռուն գնացող ռազմավարական քայլ, որ ապագայում կարող է վերափոխել Հին աշխարհի էներգետիկ քարտեզը: Խոսքը ոչ շատ, ոչ քիչ ռուսական գազն աստիճանաբար ադրբեջանականով և այլընտրանքային այլ մատակարարումներով փոխարինելու մասին է»: Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում իրականում կառուցում են միայն երկկողմ հարաբերություններ, մինչդեռ Բաքուն հազիվ թե պատրաստ է «հանձնել» Կիևը Մոսկվայի ու Անկարայի հետ ալյանսում: Բացի այդ՝ Բաքվում հույս ունեին, որ Անկարան չի գնա Բրյուսելի հետ քաղաքական դիմակայության: Haqqin.az-ի կարծիքով՝ «եթե գործարկվեն «Թուրքական հոսքը» (նույնիսկ մեկ ճյուղը), ասենք, «Գազպրոմի» մեկ այլ նախագծի՝ «Հյուսիսային հոսք -2»-ի հետ (որով շահագրգռված է Գերմանիան), ուկրաինական տարանցումը կզրոյանա»:
Այսինքն՝ Թուրքիան ստիպված կլինի ռիսկի դիմել Կիևի հետ իր հարաբերություններում և Բաքվի հետ ռազմավարական ալյանսը խարխլել: Նման արգելքներ հաղթահարել Անկարային կհարկադրեին միայն քաղաքական առանձնահատուկ կարևոր հարցերը, որ շոշափում են նախ և առաջ ազգային անվտանգությունը: Այդ հարցերն ուրվագծվեցին սիրիական ուղղությամբ, երբ Թուրքիան ու Ռուսաստանը սկսեցին ակտիվ համագործակցել ռազմական ու դիվանագիտական ուղղություններով: Ընդ որում՝ առանց Ադրբեջանի միջնորդության: Guardian-ը գրում է՝ «Նախագահ Էրդողանի համար քրդական անկախության հարցը շատ ավելի սուր է, քան մնացած բոլոր հարցերը»: Բացի այդ՝ «Թուրքիայում հակասություն կա՝ մի կողմից հնչում են հայտարարություններ, որ Եվրոպան մնում է տնտեսության նորացման միակ ճիշտ ճանապարհը, մյուս կողմից՝ Թուրքիայում գոյություն ունի ուժեղ եվրասիական խումբ, որը պահանջում է դադարեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունները»: Այսինքն՝ Անկարան կորցնում է Բաքվի համար աշխարհաքաղաքական «ուղեցույցի» դերը, որ որսացել է Բրայզան: Ավելին՝ ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ սիրիական կարգավորման խաղաղ բանակցությունները կարող են շարունակվել Աստանայում: Այդ քաղաքի ընտրությունը պատահական չէ՝ Ղազախստանը, այլ ոչ թե Ադրբեջանը, կարևոր դեր խաղաց Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման մեջ, թեպետ Անկարան շնորհակալություն հայտնեց նաև Բաքվին: Պատճառը մեկն է՝ Ռուսաստանի ու Իրանի հետ ալյանսում Անկարան զգուշանում է, որ Անդրկովկասը, ԼՂ կոնֆլիկտից բացի, ապագայում կարող են ծածկել պատմական անցյալի ցունամիները՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի ներգրավումով: Եվ մի իրավիճակում, երբ Թուրքիայում վերակենդանանում են հին կոնֆլիկտները, որ եղել են Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Այդ պահը Բրայզան նույնպես զգացել է:
DW-ի մեկնաբան Քրիստիան Տրիպեն գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը ի լուր ամենքի հայտարարում է Ադրբեջանին աջակցելու մասին», բայց մնում է հարցը՝ ինչպես նա կվարվի իրականում, երբ Մոսկվան ամրապնդում է առաջատար դերը տարածաշրջանում: Միևնույն ժամանակ՝ փաստ չէ, որ Ռուսաստանը կորոշի «փորձել մեկուսացնել Վրաստանն ու Ադրբեջանը՝ էներգակիրների հարցն օգտագործելով»: Պարզապես ստեղծվել է իրավիճակ, որ ոչ մեկին չի հաջողվի «պատմական սահմանից» դուրս ցատկել: Իբրև արդյունք՝ առաջիկայում պիտի սպասենք բուռն բանավեճեր նախ և առաջ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ, մեկնաբանման նոր չափանիշների որոնման և կատարվող իրադարձությունների գնահատման:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Եվ ոչ մի խոսք ԼՂ կոնֆլիկտի կարգավորման մադրիդյան չարաբաստիկ սկզբունքների ու դրանց տարատեսակների մասին, մեկնաբանման ու գնահատման նոր չափանիշներ՝ սա, իսկապես, նոր խոսք է տարածաշրջանի իրավիճակի մասին, որի գիտակ ոչ միայն Մեթյու Բրայզան է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ